ԲԱՆԿԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ. ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բանկային աշխատանքը վերջին տարիներին դարձել է թերևս ամենացանկալի աշխատանքներից մեկը: Տնտեսագիտական ֆակուլտետների ուսանողներից շատ շատերն են նախընտրում այստեղ անցնել անվճար պրակտիկա, աշխատել ցածր պաշտոններում և ցածր աշխատավարձերով, միայն թե հնարավորություն ունենան շարունակելու իրենց կարիերան հենց բանկում:

12329

Ի՞նչն է այդպես հրապուրում նրանց, և միևնույն ժամանակ ի՞նչն է ստիպում շատերին հրաժարվել այդ երազանքից ընդամենը մի քանի ամիս բանկում աշխատելուց հետո: Եվ այսպես, առաջարկում ենք ծանոթանալ բանկային աշխատանքի առավելությունների ու թերությունների հետ:

ԲԱՆԿԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Գրավիչ աշխատանքային պայմաններ: Բանկային աշխատանք ասելով՝ անշուշտ հասկանում ենք մաքուր գրասենյակներ, ժամանակակից աշխատավայր, հանգստի սենյակի, հարմարավետ կահույքի, օդափոխության համակարգի առկայություն և այլն:

2. Հստակ ժամերով աշխատանքային օր: Սա նաև ենթադրում է համեմատաբար կանոնակարգված աշխատանքային գրաֆիկ բանկային հաստիքների մեծ մասի դեպքում: Սահմանված ժամանակից ավելի աշխատանքի համար աշխատակիցները սովորաբար լրացուցիչ վճարվում են:

3. Տարեկան, ինչպես նաև հղիության և ծննդաբերության արձակուրդ գնալու, հիվանդության օրերի համար վճարվելու հնարավորություն: Որոշ բանկեր ուսանող-աշխատակիցներին նաև տրամադրում են արձակուրդ քննաշրջանի համար:

4. Մարդկանց հետ անդադար շփում, ինչը իրենից ներկայացնում է փորձի ու գիտելիքների փոխանակման հնարավորություն ինչպես տնտեսագիտության ու ֆինանսների, այնպես էլ շատ ու շատ այլ ոլորտներում:

5. Ֆիզիկական ոչ ծանր աշխատանք: Աշխատանքը կապված է գերազանցապես թղթերի կամ համակարգչի հետ:

ԲԱՆԿԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Dress-code-ի առկայություն: Դուք ստիպված կլինեք մոռանալ ջինսերի մասին, իսկ հանգստյան օրերին ստիպված կլինեք արդուկել ձեր բոլոր վերնաշապիկները: Անշուշտ, այս կետը որոշ մարդկանց համար կարող է լինել առավելությունների թվում, եթե նրանք հենց խիստ կոստյումների, վերնաշապիկների ու բարձրակրունկ կոշիկների ջատագովների թվում են:

2. Հնգօրյա աշխատանքային շաբաթ: Շաբաթվա հինգ օրը դուք կապված եք ձեր աշխատանքային աթոռին և ստիպված պետք է լինեք անձնական բոլոր հարցերը լուծել հանգստյան օրերի ու արձակուրդի ընթացքում կամ դնել դրանք ընտանիքի մյուս անդամների ուսերին:

3. Չափազանց մեծ թվով ղեկավարների առկայություն, ինչը նշանակում է էլ ավելի մեծ չափով ճնշում, «լեզու չգտնելու» դեպքեր և բոլոր ղեկավար անձանց ենթարկվելու և նրանց պահանջները կատարելու պարտավորություն:

4. Մեծ բանկերում աշխատանքային առաջխաղացում գոյություն ունի, բայց կախված է ձեր արած աշխատանքի որակից և ձգտումներից: Փոքր բանկերում ավելի շատ են «ծանոթի միջոցով» աշխատանքի բարձրացում ստանալու դեպքերը:

5. Աշխատանքը բանկում չափազանց մեծ պատասխանատվություն է պահանջում: Եթե դուք անմիջապես փողերի հետ չեք գործ ունենալու, ապա գործ եք ունենալու փաստաթղերի հետ, որոնք կապ ունեն ֆինանսների հետ: Յուրաքանչյուր սխալի համար դուք անմիջական պատասխանատվության եք ենթարկվելու: Պատրաստ եղեք դրան:

6. Բանկային գործը իրենից ներկայացնում է բազմաթիվ օրենքների, իրավական ակտերի ուսումնասիրություն: Այս ամենը խորությամբ յուրացնելու համար ձեզնից տարիներ կպահանջվեն: Եվ, իհարկե, դուք պետք է ցանկություն ունենաք ուսումնասիրելու այդ ամենը:

5. Բանկային աշխատանքը եթնթադրում է նաև համակարգչի էկրանի առջև գրեթե անշարժ նստելու փաստը, ինչը իր բացասական հետևանքն է ունենում առողջության վրա՝ աչքերի լարվածություն, մեջքի ցավեր, ոտքերի բռնվածություն:

Ինչպես տեսնում եք, բանկային աշխատանքը ունի ինչպես առավելություններ, այնպես էլ թերություններ, և դուք պետք է դնեք դրանք ձեր առաջնահերթությունների կշեռքի նժարներին և որոշում կայացնեք ինքներդ:

Եթե դուք ընտրել եք բանկային աշխատանքի ճանապարհը, ապա ամենայն հավանականությամբ առանց աշխատանքի չեք մնա, քանի որ բանկերը շատ են և այնտեղ միշտ կարիք են զգում որակյալ մասնագետների: Սակայն սա այն աշխատանքն է, որ երբեք ձեզ չի տա լիարժեք ազատություն գործելու, չենթարկվելու և ձեր աշխատանքային ժամանակը տնօրինելու համար:

Համարձակ եղեք, փնտրեք ձեր ճանապարհը, չէ՞ որ չկա ավելի երջանիկ մարդ, քան նա, ով գիտի իր տեղն այս կյանքում:

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին