ԻՆՉՊԵ՞Ս ՀԻՇԵԼ ԱՄԵՆ ԻՆՉ. ԼՈԿԻԻ ՄԵԹՈԴԸ

Եթե դուք իրար եք խառնվում խանութում՝ գնումների ցանկը տանը մոռանալով, դժվարանում եք մտապահել օտարալեզու բառերը կամ չեք կարողանում աչք կտրել ձեր գրառումներից ու սլայդներից ելույթ ունենալիս, ապա հիշողությունը զարգացնելու այս մեթոդը ձեզ համար է:

14155
Ինչպես հիշել ամեն ինչ

Մեթոդը կոչվում է Լոկի՝ լատիներեն loci՝ «տեղադրություն» բառից: Այն կոչում են նաև Հիշողության ամրոցի մեթոդ: Լոկիի մեթոդը ստեղծվել է Հին Հռոմի հռետորների կողմից, ովքեր չէին կարող օգտվել գրառումներից ու նշումներից և ելույթի ողջ բովանդակությունը պահում էին իրենց մտքում:

Մեթոդի էությունը հետևյալն է. փաստերը, տեղեկությունները հարկավոր է «կապել» ձեզ քաջ ծանոթ տեղերի հետ: Այդ տեղեկությունները կարող են լինել, օրինակ, օտարալեզու բառերը, ելույթի տեքստերը, գնումների ցանկը և այլն: Եվ ահա թե ինչպես է պետք դրանք մտապահել:

ՓՈՒԼ 1-ԻՆ. ԿԱՌՈՒՑԵՔ ՁԵՐ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԱՄՐՈՑԸ

Ընտրեք ինչ-որ մի վայր: Այն պետք է ձեզ շատ ծանոթ լինի, և որ դուք այն հեշտությամբ կարողանաք պատկերացնել ամենայն մանրամասնությամբ ու մտքով տեղաշարժվեք դրա մեջ: Դա կարող է լինել, օրինակ ձեր բնակարանը: Պատկերացրեք բնակարանը ձեր մտքում և որոշակի հերթականութամբ սենյակից սենյակ անցեք:

Տարբերակիչ մանրամասների ցանկ կազմեք այդ վայրի համար: Բնակարանի դեպքում դրանք կարող են լինել կահույքի մասերը, դեկորները և այլն: Մանրակրկիտ ուսումնասիրեք տարածքը, ասես տան ամեն անկյունում մաքրություն եք անում և ամեն ինչի վրայից մաքրում եք փոշին:

Պատկերացրեք ինքներդ ձեզ Հիշողության ամրոցի մեջ: Սա ամենակարևոր պայմանն է այս մեթոդը կիրառելու համար: Պատկերացրեք, թե ինչպես եք շարժվում այս տարածքում՝ ձեր որոշած երթուղով: Հարկ եղած դեպքում թղթի վրա նշումներ արեք: Ամեն անգամ սկսեք միևնույն տեղից, իսկ վերջացնելուց հետո անպայման վերադարձեք նույն կետին:

ՓՈՒԼ 2-ՐԴ. ԱՍՈՑԱՑԻԱՆԵՐ ՍՏԵՂԾԵՔ ՁԵԶ ՀԱՄԱՐ

Երբ ավարտեք Հիշողության ամրոցի «շինարարությունը», սկսեք ընտրել այն տեղերը, որոնք ձեզ կօգնեն մտապահել անհրաժեշտ տեղեկությունները: Մոտեցեք այս գործին ստեղծագործաբար: Փորձենք այս տարբերակով հիշել գնումների ցուցակը:

Պատկերացրեք, օրինակ, որ կաթն ու մածունը նստած են բազմոցին ու թերթ են կարդում, իսկ ձվերը շուրջպար են բռնել սենյակի կենտրոնում, կաղամբը, ստեպղինն ու լոլիկը սեղանի շուրջ նստած զրուցում են եղանակի մասին: Լոգարան հասնելով՝ պատկերացրեք, որ լվացքի փոշին ատամներն է լվանում, իսկ լոգախցիկում ցնցուղ է ընդունում ապակի մաքրելու միջոցը: Այո, որքան անհեթեթ ու զվարճալի լինեն ձեր պատկերացումները, այնքան ավելի լավ, որվհետև այդպես ավելի հեշտ կմտապահեք դրանք:

ՓՈՒԼ 3-ՐԴ. ՍԿՍԵՔ ՇՐՋԱԳԱՅԵԼ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԱՄՐՈՑՈՒՄ

Շրջեք «սենյակներում», որպեսզի համոզվեք, որ ամեն ինչ հիշում եք: Ահա և վերջ, կարող եք գնալ գնումների հետևից առանց ցուցակի:

Անշուշտ, գնումների ցուցակը միակ բանը չէ, որի համար արժե կիրառել Լոկիի մեթոդը: Գնումների ցուցակը մտապահելը ավելի շատ կարող է ծառայել որպես վարժանքի միջոց մեթոդը յուրացնելու համար: Բայց երբ վստահ լինեք, որ առանց դժվարության մտապահում եք գնումների ցանկը, կարող եք անցնել ավելի բարդ ու կարևոր տեղեկություններ մտապահելու գործին:

Ավելի շատ տեղեկություններ մտապահելու համար ստեղծեք մեկից ավելի Հիշողության ամրոցներ: Հյուրանոցում հանգստանալիս, օրինակ, փորձեք մտապահել դրա կառուցվածքը, միջանցքներում և սենյակում իրերի դասավորությունը, այգում զբոսնելիս ուշադրություն դարձրեք նստարանների, ցայտաղբյուրների ու ատրակցիոնների տեղադրությանը և այլն:

In this article


Join the Conversation