ՆԱՊՈԼԵՈՆ ՀԻԼԼ. ՄՏԱԾԻՐ ԵՎ ՀԱՐՍՏԱՑԻՐ

Երբ Նապոելոն Հիլլը ուսանող էր ու աշխատում էր որպես լրագրող, նա սկսեց հետաքրքրվել հայտնի մարդկանց անցած ճանապարհներով և ձեռքբերումներով: 1908 թվականին Էնդրյու Քարնեգին նրան առաջարկեց 500 հաջողակ ամերիկացիներից հարցազրույցներ վերցնել և որոշել հաջողության ունիվերսալ բանաձև:

29191
Նապոլեոն Հիլլ

Այս ուղղորդման շնորհիվ 20 տարի անց լույս աշխարհ եկավ Նապոլեոն Հիլլի «Մտածիր և հարստացիր» գիրքը, բեսթսելեր, որը առ այսօր վաճառվել է ավելի քան 20 միլիոն օրինակով:

Որքան շատ եք դուք ընթանում դեպի հաջողությունը, այնքան ավելի մոտ է այն դառնում: Շատերը թողնում են ամեն ինչ ու գնում, երբ հաղթանակին ընդամենը մեկ քայլ էր մնացել: Բայց հիշեք, եթե դուք չանեք այդ քայլը, ձեր փոխարեն դա կանեն ուրիշները:

Նապոլեոն Հիլլ

Նա այն մարդն էր, ով առաջինը դուրս բերեց այն կանոնը, որով այսօր առաջնորդվում են հոգեբանների և մոտիվացիոն գրքերի հեղինակների մեծ մասը՝ «Դու այն ես, ինչ մտածում ես»:

Նապոլեոն Հիլլը փիլիսոփա էր, հաջողության հոգեբան և մի քանի բեսթսելլերների հեղինակ: Մինչև կյանքի վերջ (1970թվական) նա նվիրված էր իր առաքելությանը և ինքն իր օրինակով ապացուցում էր, թե որքան արդյունավետ են իր գաղափարներն ու մեթոդները:

Փողերը չեն մտածում, չեն շարժվում, նրանք միշտ լուռ են, բայց հրաշալի լսողություն ունեն: Բավական է միայն նրանց «կանչել», և դրանք կհայտնվեն ձեր առջև:

Նապոլեոն Հիլլ

ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ Է ԳԻՐՔԸ

Նապոլեոն Հիլլ Մտածիր և հարստացիր

Ով շատ է խոսում, նա քիչ է գործում։ Եթե սկսեք խոսել ավելի շատ, քան լսեք, ապա նախ և առաջ դուք քիչ կլսեք օգտակարի մասին, 2-րդ՝ մարդկանց հետ խոսելիս անխուսափելիորեն բերանից դուրս կթռցնեք ձեր պլանների մասին տեղեկություններ, իսկ նրանք մեծ հաճույքով կիրագործեն ձեր իսկ պլանները՝ ձեզ կանգնեցնելով կոտրած տախտակի առջև, չէ՞ որ մարդկանց մեծ մասը նախանձ է։

Նապոլեոն Հիլլ

Գիրքը կազմված է 15 հետաքրքրագույն գլուխներից: Գրքից առհասարակ կարելի է դուրս գրել հարյուրավոր հրաշալի մտքեր, որոնք, իբրև ոգեշնչման աղբյուր, կարելի է կարդալ ամեն օր: Մենք հաճախ կարծում ենք, որ ինչ-որ արտասովոր մարդիկ են միայն ունակ դառնալ հարուստ ու հաջողակ, ինչի պատճառով անգամ փորձեր չենք ձեռնարկում դուրս գալու այն փակ շղթայից, որտեղ տեղ չունեն մեծ գործերն ու ձեռքբերումները: Նապոլեոն Հիլլի գիրքը միանշանակ կօգնի հաղթահարել սեփական վախերն ու կասկածները, հավատալ սեփական ուժերին և սկսել ընթանալ այն ճանապարհով, որը տանում է դեպի երազանքը:

ՄԻՏՔՆ ԱՄԵՆԱԿԱՐՈՂ Է

Որոշ մարդիկ միանգամայն վստահ են, որ փող աշխատել կարելի է միայն փողի միջոցով: Դա բոլորովին էլ այդպես չէ: Ցանկության և էներգիայի մեծ կուտակումը չափազանց հեշտ է փոխակերպել ֆինանսական բաղադրիչի:

Նապոլեոն Հիլլ

Առաջին և ամենակարևոր սկզբունքը հաջողության ճանապարհին գեթ մեկ խոր գաղափարի առկայությունն է: Անհաջողության պատճառը սեփական երազանքից հրաժարվելն է առաջին իսկ դժվարությունների դեպքում: Շատ կարևոր է ունենալ հստակ նպատակ, հավատալ հաջողությանը և լինել համառ: Այն ամենը, ինչ դուք ի վիճակի եք ցանկանալ և պատկերացնել, դուք ի վիճակի եք ձեռք բերել:

Գաղափարը վերածվում է հարստության, երբ անցնում է 4 փուլերի միջով:

  • Որոշեք այն գումարի չափը, որը դուք ուզում եք ունենալ: Այնուհետև որոշեք ժամկետները և գրավոր տեսքով կոդավորեք ձեր ցանկությունը:
  • Կրկնեք ձեր հաջողության ծրագիրը առավոտյան և երեկոյան:
  • Խոստովանեք ինքներդ ձեզ, թե ինչ գին եք պատրաստ վճարել հարստության համար:
  • Պլան կազմեք և անմիջապես գործի անցեք:

ՀԱՎԱՏ

Նապոլեոն Հիլլ Մտածիր և հարստացիր

Բանականության համար չկան այլ խոչընդոտներ, բացի նրանցից, որոնք ճանաչում եք մենք ինքներս:

Նապոլեոն Հիլլ

Ենթագիտակցությունը իրեն տրված հրամանները ընկալում է միայն այն ժամանակ, երբ դրանք հիմնվում են բացարձակ հավատի վրա:

Հավատը ձեր մտքերի կատալիզատորն է: Այն մտքերը, որոնք դուք կարող եք զգալ, կարող եք նաև իրականացնել: Ձեր ենթագիտակցությունը կարող է նյութականացնել ինչպես դրական, այնպես է բացասական մտքերը: Այն բերում է ձեր մտքերը նյութական հարթության վրա՝ օգտագործելով բոլոր հնարավոր ու հասանելի միջոցները:

ԻՆՔՆԱՆԵՐՇՆՉՈՒՄ

Այն մարդիկ, ովքեր տառապում են աղքատությունից կամ դժբախտություններից, այդպիսի վատ իրադրության մեջ են հայտնվել իրենք իրենց բացասական էմոցիաներ ներշնչելու արդյունքում այն պարզ պատճառով, որ բոլոր՝ թե՛ բացասական, թե՛ դրական մտքերը նյութականանալու հատկություն ունեն:

Նապոլեոն Հիլլ

Ինքնաներշնչումը գիտակցական և ենթագիտակցական մտածողության սահմանին տեղակայված ղեկավարման կենտրոնն է: Որպեսզի ինքնաներշնչումն ակտիվ լինի և գործի, դուք պետք է կիրառեք որոշ սկզբունքներ: Օրինակ՝ բանավոր ասված յուրաքանչյուր միտք ու խոսք պետք է ամրապնդվի խոր հավատով և զգացմունքներով: Ինքնաներշնչման միջոցով միայն ձեր ուղեղ կներթափանցեն հիմնաքարային մտքեր, որոնք կորոշեն ձեր հաջողությունը:

ԳԻՏԵԼԻՔՆԵՐ

Գնահատվում է ոչ թե գիտելիքն ինքն իրենով, այլ այն կիրառելու կարողությունը:

Նապոլեոն Հիլլ

Միլիոնավոր մարդիկ շարունակում են հավատալ տարածված այն մոլորությանը, որ «գիտելիքն ուժ է»։ Նման բան չկա։ Գիտելիքն ընդամենը պոտենցիալ ուժ է։ Այն դառնում է իրական ուժ միայն, երբ մշակված է գործողությունների հստակ ծրագիր և ուղղված է վերջնական արդյունքի:

Մարդիկ ինքնուրույն գտնում են այն գիտելիքները, որոնք իրենց անհրաժեշտ են: Բայց միայն գիտելիքները ձեզ չեն կարող հարստություն բերել, եթե դրանք չհամակարգեք և չուղղորդեք համապատասխան ուղղությամբ: Դրանք իրենցից իրական ուժ են ներկայացնում միայն այն ժամանակ, երբ վերածվում են գործողությունների պլանի: Սակայն միանշանակ հաջողության հասնելու համար պետք է տիրապետել ձեզ հետաքրքրող ոլորտին հատուկ գիտելիքների մեծ պաշարով:

ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ

Եթե դու գիտես, թե ինչ ես ուզում, շատ ավելի մեծ է հավանականությունը, որ դու կնկատես քո առջև հայտնված հնարավորությունը:

Նապոլեոն Հիլլ

Մարդու ներուժը թաքնված է հենց երևակայության մեջ, որտեղ ձևավորվում են նրա պլաններն ու երազանքները: Եթե մարդը ի վիճակի էինչ-որ բան պատկերացնել, նաև ի վիճակի կլինի այն ստեղծել: Երևակայությունը կարող է նոր տեսք ու ձև տալ ձեզ ծանոթ տեղեկություններին, կարող է փոխակերպել գաղափարները, համադրել դրանք ընդհանուր տեղեկատվական դաշտի և շրջապատի ենթագիտակցության հետ:

ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ

Միայն ցանկությունից հարստություն չի ստացվի: Այն ստացվում է միայն հստակ գործողությունների պլանի արդյունքում, որը հիմնված է նույնքան հստակ ձգտումների վրա և իրականացվում է անհրաժեշտ համառությամբ:

Նապոլեոն Հիլլ

Գաղափարները պետք է հաջողության վերածել հստակ պլանի միջոցով: Դուք կարող եք միավորվել այլ մարդկանց հետ, ստեղծել ուղեղային կենտրոն, որոշել յուրաքանչյուրի ներդրումն ու շահերը, կիրառել ընդհանուր գաղափարները, փորձը, կրթություն, կարողությունները: Իսկ եթե պլանը չաշխատի, այն պետք է պարզապես փոխել:

ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ

Նապոլեոն Հիլլ Մտածիր և հարստացիր

Արեք ավելին, քան այն, ինչի համար ձեզ վճարում են: Եվ շուտով ձեզ կսկսեն վճարել ավելի շատ, քան դուք արժանի եք:

Նապոլեոն Հիլլ

Հաջողության ճանապարհին առաջին քայլը կարող է լինել ոչ միայն սեփական բիզնեսը, այլև լավ աշխատանքը, որով ուզում եք զբաղվել: Իսկ լավ աշխատանք գտնելու համար պետք է.

  • Հասկանալ, թե ինչ ոլորտ է ձեզ հետաքրքիր:
  • Ընտրել այն կազմակերպությունը, որտեղ ուզում եք հաջողության հասնել:
  • Պարզել ամեն ինչ ապագա գործատուի մասին:
  • Վերլուծել սեփական հնարավորություններն ու կարողությունները:
  • Կենտրոնանալ այն բանի վրա, թե ինչ կարող եք առաջարկել դուք:
  • Գրի առնել ձեր մտքերն ու ծրագրերը:

ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐ

Յուրաքանչյուր անհաջողություն դիմակի տակ թաքնված օրհնություն է, բայց մի պայմանով, որ ձեզ սովորեցնում է այն, ինչ դուք ինքներդ չէիք սովորի: Անհաջողությունների մեծ մասն ընդամենը ժամանակավոր պարտություն է:

Նապոլեոն Հիլլ

Անհաջողությունների ամենահիմնական պատճառներից են հստակ նպատակների բացակայությունը, առողջական խնդիրները, շեղվելու սովորությունը, համառության բացակայությունը, բնավորության վանող գծերը, ինքնավստահության բացակայություն սեփական անձի և կայացրած որոշումների հանդեպ, նախապաշարմունքներն ու կարծրատիպերը:

ՎԱԽԵՐ

Մի սպասեք խնդիրների. դրանք սովորաբար արդարացնում են մարդկանց սպասելիքները:

Նապոլեոն Հիլլ

Վախերը, կասկածներն ու անվճռականություն խոչընդոտ են ինչպես հաջողության, այնպես էլ նոր գաղափարներ հղանալու ճանապարհին: Վախն ընդամենը գիտակցության վիճակ է, որը կարելի է ուղղորդել և կառավարել: Վախերը տարբեր են լինում՝ վախ աղքատությունից, քննադատությունից, հիվանդությունից, մահվանից, անհաջողությունից և այլն: Դրանք կարելի է հաղթահարել հանգիստ գիտակցությամբ, երջանկությամբ, քայլ առ քայլ նյութական բարեկեցություն ստեղծելով և այլն:

Նապոլեոն Հիլլի գիրքը հաջողության ու բարօրության հասնելու ուղեցույց է: Եթե դուք ուժեղ անհատականություն եք, ով կարողանում է կառավարել ինքն իրեն, հետևել իր իսկ ծրագրերին և իրականացնել իր առջև դրված նպատակները, դուք վաղ թե ուշ կհասնեք հաջողության, ճանաչման և հարստության, ինչ ոլորտ էլ որ ընտրեք:

In this article


Join the Conversation