7 ՍԽԱԼ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄ ՓՈՂԻ ՄԱՍԻՆ

Ի՞նչ ենք մենք մտածում փողի մասին, բացի նրանից, որ այն միշտ չի բավականացնում: Ինչպիսի՞ մտքերը կարող են դառնալ փողի բացակայության պատճառ: Իրականում գոյություն ունեն մի շարք սխալ պատկերացումներ, որոնք ենթագիտակցական մակարդակում մեծապես ազդում են մեր ֆինանսական բարեկեցության վրա:

8219
Սխալ պատկերացումներ փողի մասին

Այդ պատկերացումները գալիս են վաղ մանկությունից, երբ մեր ծնողներից մենք լսում ենք՝ «Լավ ապրելու համար պետք է լավ կրթություն ստանալ ու շատ աշխատել», «Փողը ձեռքի կեղտ է» և այլն, և այլն: Իսկ ամբողջ խնդիրն այն է, որ Խորհրդային Միությունում, որտեղ ծնվել ու մեծացել են մեր ծնողները, գոյություն ուներ մի հավասարեցնող համակարգ, երբ սովորական քաղաքացին իրավունք չուներ տարբերվելու իր շրջապատից և իրավունք չուներ ավելիին ձգտելու:

Դե ինչ, առաջարկում ենք վեր հանել այդ սխալ պատկերացումներն ու մեկընդմիշտ ազատվել դրանցից:

1. ՄԵԾ ՓՈՂԵՐԸ ՏՐՎՈՒՄ ԵՆ ՄԻԱՅՆ ԾԱՆՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՆՈՎ

Եթե այս պատկերացումն արմատացած է ձեր մտածողության մեջ, ապա ողջ կյանքում դուք կկատարեք ծանր աշխատանք և կստանաք ծիծաղելի աշխատավարձ դրա համար: Այս համոզմունքով դուք ինքներդ փակում եք ձեր առաջ մեծ գումար աշխատելու հնարավորությունը: Մեծ փողեր աշխատելը բոլորովին էլ դժվար չէ. պարզապես հարկավոր է թույլ տալ, որ այդ միտքը մուտք գործի ձեր գիտակցություն, և իհարկե, միացնել ուղեղը գումար աշխատելու համար:

2. ՓՈՂԸ ԿՅԱՆՔՈՒՄ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ՉԷ

Այս արտահայտությունը թույլ չի տալիս ձեր կյանք մուտք գործել ոչ միայն փողին, այլև երջանկությանը: Փողը գործիք է, արժեք, որի միջոցով դուք կարող եք ձեռք բերել այն կյանքը, որի մասին երազում եք դուք ու ձեզ համար թանկ ու հարազատ մարդիկ: Փողի օգնությամբ դուք կարող եք ձեռք բերել այն ամենը, ինչ ձեր կյանքը կդարձնի ավելի գունավոր, հետաքրքիր ու վառ: Ինչո՞ւ հրաժարվել այդ գործիքից և առողջ ու ջերմ մարդկային հարաբերություններին, բարձր արժեքներին ու նպատակներին չավելացնել նաև այդ հնարավորությունը:

3. ՓՈՂԸ ՓՉԱՑՆՈՒՄ Է ՄԱՐԴՈՒՆ

Փողը չի փչացնում մարդուն: Այն տալիս է նրան ընտրության հնարավորություն, և եթե մարդուն իրականում առաջնորդում են բարի ու ազնիվ մտքերն ու մղումները, ապա դա չի փոխվի նաև շատ գումար վաստակելուց հետո, այլ ընդհակառակը՝ ավելի վառ կդրսևորվի:

Հարուստ մարդկանց մեջ շատ են ինքնաբավ ու խելացի մարդիկ, ովքեր ոչ միայն մտահոգվում են իրենց ընտանիքի բարեկեցության, այլև կյանքի առաջընթացի, կարևոր փոփոխությունների ու մարդկանց օգնելու մասին: Մինչդեռ աղքատությունն ու դժբախտությունները, որոնք հաճախ մարդն ինքն է իր գլխին փաթաթում, երբեմն կարող են էլ ավելի չարացնել նրան:

4. ԱԶՆԻՎ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ՓՈՂ ՉԵՍ ՎԱՍՏԱԿԻ

Իրականում մարդկանց ամենից շատ գումար է բերում այն գործը, որը իսկապես կարող է օգուտ տալ աշխարհին և անհրաժեշտ է մեծ թվով մարդկանց: Երբ առաջին հերթին մտածում ես ոչ թե գումարի մասին, այլ գործի կարևորության ու որակի մասին, աշխատանքի ֆինանսական գնահատանքը կարող է վրա հասնել բոլորովին անսպասելի:

5. ԱՄՈԹ Է ԼԻՆԵԼ ՀԱՐՈՒՍՏ, ԵՐԲ ՇՈՒՐՋԴ ԱՅԴՔԱՆ ՄԱՐԴ ԱՂՔԱՏ Է

Յուրաքանչյուր մարդ ինքն է որոշումներ կայացնում իր կյանքի ընթացքում, իսկ եթե նա դրանք չի կարողանում կայացնել կամ թույլ է տալիս ուրիշներին անել դա իր փոխարեն, կրկին ինքն է մեղավոր:

Ուրեմն ինչո՞ւ զրկել ինքդ քեզ այն կյանքից, որին հասել ես քո իսկ ճիշտ որոշումների արդյունքում: Ոչ ոք քեզ չի խանգարում ձեռք մեկնել այն մարդուն, ով նույնպես ցանկանում է վեր բարձրանալ (որովհետև որոշել է դա անել՝ անկախ ամեն ինչից), իսկ նա, ով չի ուզում ոչինչ փոխել իր կյանքում, ստիպված կլինի բավարարվել իր իսկ կերտած կյանքով:

6. ՓՈՂԸ ՊԵՏՔ Է ՊԱՀԵԼ «ՍԵՎ ՕՐՎԱ» ՀԱՄԱՐ

Փողը ներքնակի տակ պահելն անիմաստ է: Որպեսզի այն չարժեզրկվի տարիների ընթացքում, հարկավոր է այն ներդնել ինչ-որ բանի մեջ, և արդյունքում գումարը միայն ավելի շատ կդառնա, շրջանառության մեջ կլինի ու առաջ կտանի ձեր կյանքը, իսկ «սև օրը» այդպես էլ վրա չի հասնի:

7. ԱՂՔԱՏ ԾՆՎԵԼ ԵՍ, ԱՂՔԱՏ ԷԼ ԿՄԵՌՆԵՍ. ՃԱԿԱՏԱԳՐԻ ԴԵՄ ՈՉԻՆՉ ՉԵՍ ԿԱՐՈՂ ԱՆԵԼ

Սա թերևս ամենատարածված ու սխալ պատկերացումներից մեկն է: Հրաշալի տարբերակ է այն մարդկանց համար, ովքեր չեն ցանականում պատասխանատվություն վերցնել իրենց վրա իրենց իսկ կյանքի համար, և ողջ մեղքն ուզում են գցել արտաքին պայմանների ու շրջապատի վրա: Այսպես մտածում են միայն այն մարդիկ, ովքեր ոչինչ չեն ուզում անել: Մինչդեռ, ինչպես ցույց է տալիս փորձը, աշխարհի ամենահայտնի միլիարդատերերը աղքատ ընտանիքների ծնունդ են և մանկությունից ու պատանեկությունից ստիպված են եղել հաղթահարել բազմաթիվ խոչընդոտներ:

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին