11 ԽՈՐՀՈՒՐԴ ՏԱՆՆ ԱՎԵԼԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Այո :) հիմա հենց այն ժամանակն է, երբ կյանքը մեզ հնարավորություն է տալիս փորձարկել օնլայն աշխատանքը, իսկ հետո որոշել, թե որ տարբերակով է ավելի արդյունավետ ստացվում՝ տանը, թե՞ գրասենյակում:

2325
ինչպես արդյունավետ աշխատել

Եվ այսպես, տանն աշխատելու առաջին իսկ պահին կարող է պարզվել, որ հենց ինքը՝ տունը, նպատակադրված փորձում է մեզ շեղել աշխատանքից իր հեռուստացույցով, հարմարավետությամբ, սառնարանով և այլ գայթակղիչ այլընտրանքներով: Ստացվում է, որ մենք խնայում ենք գրասենյակ հասնելու ճանապարհին ծախսվող ժամանակը, սակայն, չգիտես թե ինչու, ավելի քիչ գործեր ենք հասցնում: Ուրեմն, եկեք հասկանանք, թե ինչպես արդյունավետ աշխատել տան պայմաններում:

Դե, սկսենք.

Աշխատե՛ք պատշաճ տեսքով

Տնային աշխատանքը հարմար է այնքանով, որ կարելի է նույնիսկ անկողնում, առանց հագնվելու աշխատել: Բայց, ո՛չ, չի կարելի: Սա դեպի անարդյունավետություն տանող ամենակարճ ուղին է: Արթնացեք, լվացվեք, մի թեթև մարզվեք, նախաճաշեք և սուրճ խմեք մինչև աշխատանքային օրվա սկիզբը: Աղջիկներ, անհավանական է, սակայն make-up-ն էլ է շատ նպաստում աշխատանքին տրամադրվելուն 🙂

 

Ստեղծե՛ք առանձնացված աշխատավայր

Ձեր աշխատավայրը չի կարող լինել բազմոցը, անկողինը կամ պարկ-բազկաթոռը: Նստեք հարմարավետ աթոռին, սեղանի դիմաց, սեղանից հեռացրեք ավելորդ առարկաները (ի դեպ, տաք ըմպելիքով բաժակը չի դասվում ավելորդ առարկաների դասին), եթե անհրաժեշտ է, երկարացման լարով մոտեցրեք հոսանքի աղբյուրը և աշխատեք:

 

Խի՛ստ եղեք

Տան պայմաններում դուք եք ձեր HR-ը: Խստորեն պահպանեք աշխատանքային գրաֆիկը, անձնական ոչնչով մի զբաղվեք այդ ժամերին: Մի շեղվեք տնային գործերի վրա: Գիտակցե՛ք, որ այս պահին դուք ոչ թե տանն եք, այլ տնային աշխատավայրում:

 

Բացատրե՛ք իրադրությունն ընտանիքի անդամներին

Տան անդամները, բնականաբար, կփորձեն շեղել խնդրանքներով, համատեղ թեյախմության հրավերներով, բարեկամների մասին մանրամասներ պատմելով և այլ հնարքներով:
Բացատրե՛ք, որ դուք վարձատրվում եք հենց աշխատանքային ժամերին աշխատելու համար, և անարդյունավետությունը, անկախ վայրից, կարող է ձեզ զրկել աշխատանքից: Իսկ այ ճանապահի և տեղափոխությունների վրա խնայած ժամանակը կարող եք շռայլորեն նվիրել ձեր մտերիմներին:

 

Ճի՛շտ սնվեք

Պետք չէ տարվել աշխատանքով և մոռանալ սնվելու մասին: Սխալ է նաև մյուս ծայրահեղության մեջ ընկնելը և անընդհատ ինչ-որ բան ուտելը: Նախաճաշեք մինչ աշխատանքի սկիզբը: Ընդմիջմանը lunch արեք, իսկ աշխատանքից հետո՝ ընթրեք: Իհարկե, երբեմն առանց 1-2 քաղցրավենիքի արդյունավետությունը խիստ ընկնում է, այնպես որ վերջիններին պետք է ներողամտորեն մոտենալ:

 

Ակտի՛վ եղեք

Ֆիզիկական ակտիվությունը խիստ կարևոր է, եթե չեք ուզում մեկ ամիս տնային աշխատանքից հետո հայելու մեջ տեսնել ձեր ավելի մեծ մասշտաբներով կրկնօրինակին: Առավոտյան վազեք, հաճախ քայլեք, մարզվեք, և առհասարակ շարժվեք:
Ի դեպ, գիտեի՞ք, որ տնային գործերն էլ են օգնում կազմվածքը սլացիկ պահել: Այնպես որ, օգնեք հարազատներին 🙂

 

Մրցակցե՛ք

Ու՞մ հետ մրցակցել տանը: Աշխատանքի, կոլեգաների, ինքներդ ձեզ, մտացածին հերոսի հետ… Տարբերակները կարող են շատ լինել, սակայն համեմատությունն էլ կրկնապատկում է աճը:

 

Մոտիվացվե՛ք

Մտքի մեջ միշտ ունեցեք ձեր կյանքի առջև դրված կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակները: Աշխատեք հաճույքով, միշտ նոր բան սովորեք: Ի դեպ, սովորելու մասին…

 

Սովորեք աշխատաժամանակից դուրս

Դուք վճարվում եք աշխատելու համար: Իսկ անձնական ժամանակից պետք է հատկացնել նաև մասնագիտական աճին, նոր հմտություններ սովորելուն և կրթվելուն: Եկեք համաձայնենք, որ աշխատանքի ժամանակ թեկուզ մասնագիտական հոդվածներ կարդալը, Youtube միացնելը կամ գիրք լսելը կորզում է մեր ուշադրությունն ու ժամանակը և մեզ դարձնում անարդյունավետ և ոչ մրցունակ աշխատակից:

 

Ասեք «ոչ» հետաքրքրասիրության «պատուհաններին»

Որո՞նք են այդ պատուհանիկները: Դե իհարկե, հեռուստացույցը, ինտերնետն իր սոցցանցերով, նորություններով և հոլովակներով: Մի բացեք դրանք, և նույնիսկ մի  թողեք կիսաբաց 🙂 Պատուհանների հերթն էլ կգա՝ ձեր ազատ ժամերին:

 

Ստեղծե՛ք աղմուկի ալտերնատիվ աղբյուր

Մեղմ ֆոնային երաժշտությունը կխլացնի մյուս շեղող ձայները և կօգնի կենտրոնանալ աշխատանքի վրա: Տարբեր մարդկանց համար կարող է տարբեր երաժշտություն լինել նախընտրելի, սակայն ապացուցված է, որ գործիքային lounge երաժշտությունն ամենաշատն է նպաստում կենտրոնանալուն:

Դե ինչ, եկեք փորձենք լինել ճիշտ, պրոֆեսիոնալ մասնագետ՝ անկախ գտնվելու վայրից:

 

In this article


Join the Conversation