Ո՞ՐՆ Է ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆԻ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ

Օդաչու և գրող Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» հեքիաթն առաջին անգամ հրատարակվեց Երկրորդ Համաշխարհային պատերազմի ընթացքում՝ 1943 թվականին, և անմիջապես ճանաչում ձեռք բերեց: Այն առ այսօր տպագրվում է միլիոնավոր տպաքանակներով և թարգմանվում աշխարհի բոլոր լեզուներով ու բարբառներով. վերջիններիս թիվն արդեն անցել է 270-ը:

18178

Ֆրանսիայում Փոքրիկ իշխանի գիրքը ճանաչվել է 20-րդ դարի լավագույն ֆրանսիական գիրք և ֆրանսերենի ուսուցման լավագույն ուսումնական ձեռնարկ: Այն վաղուց համաշխարհային մշակույթի մի մասն է, գրքի հիման վրա նկարահանվել են ֆիլմեր, մուլտֆիլմեր, գրվել է երաժշտություն, իսկ հեքիաթն ինքը թևածում է աշխարհով մեկ՝ իր մեջ տեղ գտած մտքերի տեսքով:

Ցավոք գրքի հաջողությանը Էքզյուպերին ինքն ականատես չեղավ, անգամ չտեսավ գիրքը տպագրված: 1944 թվականին Էքզյուպերիի վարած ինքնաթիռը այդպես էլ չվերադարձավ հերթական հետախուզական թռիչքից…

Փոքրիկ իշխանի գիրքը

Էքզյուպերիի այս գիրքը սիրում են բոլորը՝ անկախ տարիքից, սեռից ու ազգությունից: Մարդկանց մեծ մասը գիրքը կարդում է մեկ անգամից ավելի և յուրաքանչյուր ընթերցման ժամանակ բացահայտում այն յուրովի, կարողանում գրքի սյուժեին, հերոսներին նոր խորություն հաղորդել, խոսքերին ու մտքերին՝ նոր բովանդակություն:

Որտե՞ղ է գրքի նման հաջողության գաղտնիքը:

Փոքրիկ իշխանի գիրքը

Անշուշտ, գիրքը կարճ է, և հեշտ է այն ընթերցելը: Բայց բանը միայն դրանում չէ:

Գրքում բարդ բաների մասին խոսվում է ամենահնարավոր պարզ բառերով: Գիրքը վերապատմել, կրճատել կամ սյուժեն ներկայացնել պարզապես հնարավոր չէ: Այն կարելի է միայն կարդալ: Իր նամակներից մեկում Էքզյուպերին գրում է.

«Կարծում եք՝ ես հորինո՞ւմ եմ բառեր գրելու համար: Ոչ, ինչի՞ս է դա պետք: Ես պարզապես որսում եմ երազանքի մեջ ապրող մեր գիտակցությունը, երբ այն դեռ չի հասցրել արթնանալ, ստանալ այլ ձևակերպումներ, բանաձևերի վերածվել»:

Էքզյուպերիի ոճի առանձնահատկությունը նրանում է, որ այն ավելորդ գեղարվեստականացված չէ:

Նրա բոլոր կերպարները, մտքերը, սիմվոլները ասես հորինված են «մարմնի լեզվով»: Նա չի մտածում փոխաբերություններով, մի առարկայի հատկանիշների չի վերագրում մեկ ուրիշին: Այդպես մտածում են երեխաները: Էքզյուպերին, ի տարբերություն այլ մեծահասակների, կարողացել է պահպանել այդ մանկական մտածողությունը:

Փոքրիկ իշխանի գիրքը

Գիրքը զերծ է պարտադրանքից: Էքզյուպերին մեզ չի ստիպում կարծել, որ վարդը կնոջ սիմվոլ է: Ուզո՞ւմ եք կարծել, որ Վարդը սիրած կնոջ խորհրադնիշն է: Նա տալիս է ձեզ այդ ազատությունը: Բայց իր՝ Էքզյուպերիի համար Վարդը պարզապես վարդ է, որի մասին հոգ է տանում այգեպանը: Աղվեսը, ոչ թե անպայման ընկերոջ սիմվոլն է, այլ իսկական աղվես, որ հավեր է որսում ու փախչում որսորդներից: Եվ անապատում գտած ջուրն էլ իսկական ջուր է: Էքզյուպերին ոչ թե իրերին երկակի իմաստ է տալիս, հաղորդում խորը բովանդակություն, այլ պարզապես տեսնում է այդ բովանդակությունը հենց այդ իրերի էության մեջ:

Այդ մենք՝ ընթերցողներս ենք փորձում այլաբանություններ տեսնել գրքում, պարզության շնորհիվ մենք այն կարողանում ենք պրոեկտել մեր կյանքի վրա և գրքի մտքերի միջոցով բացատրություններ ենք գտնում մեզ համար ցանկացած տարիքում ու հոգեվիճակում:

Փոքրիկ իշխանի գիրքը

«Քո մոլորակի վրա մարդիկ մի այգում հազարավոր վարդեր են աճեցնում և չեն գտնում այն, ինչ ուզում են: Բայց չէ՞ որ այն, ինչ նրանք փնտրում են, կարելի է գտնել մեկ հատիկ վարդի, մի կաթիլ ջրի մեջ»:

Էքզյուպերին մարդկանց ստիպում է աշխարհը տեսնել իր ամբողջականության մեջ, տեսնել ամեն փոքրիկ բանի գեղեցկությունն ու ոգին: Իսկ դրա համար պետք է զարգացնել «այլ տեսողություն»:

«Իմ գաղտնիքը շատ պարզ է. միայն սիրտն է ամենատես: Ամենակարևորը աչքերով չես տեսնի»:

Փոքրիկ իշխանի գիրքը

Հեղինակը երբեք չի թաքցրել, որ փնտրում է պարզ ճշմարտություններ: Ճշմարտություններ, որոնք մաքրված են բոլոր ավելորդ դետալներից, գունազարդումներից: Միայն այսպիսի ճշմարտությունները կարող են ընկալվել բոլոր հավատների ու ազգության մարդկանց կողմից:

Նա պարզապես կարողացել է արտահայտել այն, ինչ հասկանալի է մարդկային սրտին պարզ, թափանցիկ լեզվով: Ի տարբերություն հետագա տարիներին «Փոքրիկ իշխանի» ազդեցությամբ գրված այլ գրքերի (ինչպես Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը», Պաուլո Կոելյոյի «Ալքիմիկոսը» և այլն)՝ Էքզյուպերին չի փորձում արհեստական սիմվոլներ ստեղծել, չի թաքնվում փոխաբերությունների հետևում:

Գրքի ստեղծած մթնոլորտը թափանցիկ է, հեղինակի մտքերը, զգացմունքները պարզ դրված են ընթերցողի ափի մեջ: Այստեղ չկա ենթատեքստ, որը պետք է կարողանալ կարդալ ու հասկանալ: Ամեն ինչ Փոքրիկ Իշխանի գրքում ասես դրված է ձեռքի ափի վրա: Դրանք պարզապես պետք է տեսնել… սրտով…

Այստեղ է թաքնված Փոքրիկ իշխանի հաջողության, նրա հարատևութան գաղտնիքը: Ողջ մարդկության սրտին հասկանալի լինելու շնորհիվ է գիրքն ապրում հեղինակի մահվանից հետո արդեն ավելի քան 70 տարի, ընդգրկվում մեզնից յուրաքանչյուրի սիրելի գրքերի տասնյակում, եթե ոչ հենց առաջին տեղում: Յուրաքանչյուր նոր սերունդ կարդում է այն նույն կլանվածությամբ ու կախարդանքով, հեղինակի տված ազատության շնորհիվ ստեղծագործում է՝ ընթերցելուն զուգահեռ, ու իր երևակայության մեջ գտնում իր աղվեսին և իր վարդին… 

Իսկ ձեր սիրելի գրքերի ցանկում ո՞ր տեղում է Փոքրիկ Իշխանը…

In this article


Join the Conversation