ՍԹԻՎ ՋՈԲՍ. ԹՌԻՉՔՆԵՐԻ ԵՎ ԱՆԿՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Սթիվ Ջոբսի անունը այսօր գիտեն բոլորը՝ անկախ տարիքից, սեռից, ազգային պատկանելությունից, և թվում է, թե նա այսօր էլ ապրում է, ստեղծագործում, ամեն նոր Apple արտադրանք տեսնելիս կամ ձեռքներս վերցնելիս մենք այն միայն ու միայն նրա անվան հետ ենք կապում:

12734
Սթիվ Ջոբս

Սթիվ Ջոբսին ճանաչելու, նրանից սովորելու անհագ ծարավ ունի յուրաքանչյուր մարդ, ով չի վախենում և ուզում է գնալ իր երազանքների հետևից: Նրա մտքերը, սերունդներին փոխանցած դասերը թևածում են ամբողջ աշխարհում: Նա անկյունաքարային դեր ունեցավ մարդկության պատմության մեջ և սովորեցրեց մարդկանց, որ հնարավոր է ոչ միայն ստեղծել հզորագույն ընկերություն, այլև կատարյալ անկումից ու ձախողումից հետո ամեն ինչ սկսել զրոյից՝ ունենալով միայն համոզվածություն սեփական որոշումներում և ճիշտ կողմնորոշվելու կարողություն:

Ջոբսի մասին գրվել են գրքեր և նկարահանվել ֆիլմեր, թվում է՝ արդեն չկա ինչ-որ բան, որ անհայտ է մնացել հանրությանը, բայց ամեն անգամ նրա կենսագրությունը ընթերցելիս, հարցազրույցներն ու ելույթները դիտելիս կարելի է բացահայտել նորանոր բաներ, վարակվել նրա հզոր էներգիայով ու հավատով առ այն, որ կկարողանաք իրականություն դարձնել անգամ ձեր ամենահամարձակ երազանքները:

Հավանաբար հենց երազանքներն իրականացնելու նրա մեծ ձգտումն են Ջոբսին դարձրել անմահ: Ոչ մի այլ գործարար այդպիսի համառությամբ չի փորձել իրականացնել անհավանական թվացող գաղափարները, չի ներկայացրել իր ամեն մի նոր արտադրանքը նույնպիսի կրքով ու գորովանքով:

Սթիվ Ջոբս

Անգամ նրա մահվանից հետո, Apple-ի հիմնական առանձնահատկությունը արտադրանքի բացառիկ որակն ու ֆունկցիոնալությունն են, որին Ջոբսը հասել է կարգապահության ու սկզբունքային ղեկավարման, խիստ պահանջների ու անդադար աշխատանքի շնորհիվ:

Եվ այսպես, առաջարկում ենք ծանոթանալ Apple ընկերության հանճարեղ հիմնադրի վերելքների ու անկումների չափազանց հետաքրքիր պատմությանը:

ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

Սթիվ Ջոբսը ծնվել է 1954 թվականի փետրվարի 24-ին Սան-Ֆրանցիսկո քաղաքում: Նրա բիոլոգիական ծնողները ուսանողներ էին: Մայրը՝ Ջոանա Շիբլեն էր, հայրը՝ Աբդուլֆաթահ Ջանդալին: Աղջկա հայրը դեմ էր նրանց հարաբերություններին, և Ջոանան որոշեց երեխային որդեգրման հանձնել: Սակայն նա պնդեց, որ որդեգրող զույգն անպայման բարեկեցիկ կյանքով ապրի և բարձրագույն կրթություն ունենա:

Մինչդեռ Կլարա և Փոլ Ջոբսերը միջնակարգ կրթություն ունեին և Սթիվի բիոլոգիական մորից որդեգրման թույլտվություն ստանալու համար ստիպված էին երկար սպասել: Կլարա Ջոբսն ազգությամբ հայ էր, ազգանունը՝ Հակոբյանը: Նա ծնվել էր Նյու Ջերսիում՝ Մեծ Եղեռնից փրկված գաղթականների ընտանիքում: Արտարգանդային հղիությունից հետո Կլարան այլևս ի վիճակի չէր երեխա ունենալ: Ի վերջո 1955 թվականին՝ 9 տարի համատեղ կյանքից հետո, նրանք որոշել էին զավակ որդեգրել: Ամիսներ շարունակ նրանք խոստանում էին, որ տղան անպայման քոլեջում կսովորի և վերջապես կարողացան որդեգրել երեխային:

Հենց նրանք երեխային անուն տվեցին՝ Սթիվեն Պոլ, ինչպես նաև՝ երջանիկ կյանքի հնարավորություն: Հարազատ մորը և կրտսեր քրոջը Ջոբսը հանդիպեց միայն 31 տարեկանում:

Վաղ տարիներից Սթիվ Ջոբսը գիտեր, որ ինքը որդեգրված է: «Ծնողներս երբեք չեն թաքցրել դա ինձանից, սակայն ես Կլարային և Փոլին 1000%-ով իմ ծնողներն եմ համարում»,– ասում էր Սթիվը:

Արդեն 3 տարեկանում նկատելի դարձավ, որ Սթիվը բարդ բնավորություն ունի. նա արթնանում էր առավոտյան ժամը 4-ին, կծոտում էր էլեկտրալարերը, խանգարում էր ծնողների հանգիստ քունն ու քանդում էր ձեռքն ընկած ամեն ինչ: Իսկ 10 տարեկանում Սթիվի հետաքրքրությունն էլեկտրական սարքերի նկատմամբ ավելի ակնհայտ դարձավ:

ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԴՊՐՈՑՈՒՄ ԵՎ ՔՈԼԵՋՈՒՄ

Սթիվ Ջոբս

Դպրոցում ևս նա սկսեց արտահայտել իր բնավորության բարդ գծերը: Սթիվը օժտված էր բացառիկ ունակություններով, բայց նաև շատ համառ էր: Տարբեր դպրոցներից հեռացվելու պատճառը գրեթե միշտ նույնն էր լինում՝ տնային աշխատանքները չկատարելը: Անում էր այն, ինչ իր սիրտն էր ուզում: Կռվում էր համադասարանցիների հետ, չէր լսում ուսուցիչներին և հրաժարվում էր սովորել: Եվ միայն Իմոջին Հիլլ անունով ուսուցչուհին տեսավ նրա բացառիկ ընդունակությունները և լեզու գտավ նրա հետ` խոստանալով ամեն տնային աշխատանքի դիմաց 5 ցենտ, իսկ երբեմն նաև քաղցրավենիք ու խաղալիքներ տալ նրան:

Արդյունքում՝ մեկ տարվա ընթացքում Սթիվը հասցրեց լրացնել նախորդ տարիներին բաց թողած գիտելիքը, և 4-րդ դասարանից նրան միանգամից տեղափոխեցին միջին դպրոց՝ 6-րդ դասարան:

Հաջորդ դժվար շրջանը Սթիվի մոտ սկսվեց դեռահասության տարիներին, երբ նա սկսեց տարվել հիպպիական մշակույթով, խմիչքով ու թմրանյութերով: Եվ միայն հոր շնորհիվ կարողացավ դուրս գալ այդ խառնիճաղանջ աշխարհից, որը նրան ավելի ու ավելի էր կլանում:

Շատ կենսագիրներ կարծում են, որ Ջոբսի հաջողության պատմությունը սկսվեց մեկ զանգից: Պատանի Սթիվն ինչ-որ սարք էր պատրաստում դպրոցի համար, երբ պարզվեց, որ շատ դետալներ, որոնք անհրաժեշտ էին իրեն, չեն բավարարում: Այլ բան, քան զանագահարել HP (Hewlett-Packard) ընկերության տնօրենի բնակարանի հեռախոսին, նրա մտքով չանցավ: Նա խնդրեց Ուիլյամ Հյուլեթթից համապատասխան դետալներ տրամադրել իրեն: 20 րոպե զրուցելուց հետո HP-ի տնօրենին տղան այնքան դուր եկավ, որ համաձայնեց նրան տալ ոչ միայն պահանջվող դետալները, այլև ամառային աշխատանք առաջարկեց:

Դպրոցն ավարտելուց հետո նա դիմեց Փորթլենդի Ռիդ քոլեջը, որտեղ ուսուցումը չափազանց թանկ արժեր, սակայն Ջոբսի ծնողները հավատարիմ էին իրենց խոստմանը և պատրաստ էին վճարել ուսման վարձը: Ընդամենը մեկ կիսամյակ սովորելով` Սթիվ Ջոբսն ինքնակամ թողեց ուսումը և սկսեց որոնել իր ճանապարհը:

«Ես գաղափար չունեի, թե ինչով եմ զբաղվելու կյանքում և ինչպես կարող էր քոլեջը նպաստել դրան: Բացի այդ, ծնողներս իրենց վերջին խնայողություններն էին ծախսում ուսման վարձը վճարելու համար: Ու ես որոշեցի թողնել ուսումը` հուսալով, որ ամեն ինչ կկարգավորվի: Ես բնակվելու տեղ չունեի հանրակացարանում և քնում էի ընկերներիս սենյակներում՝ հատակին: Ես Կոլայի շշեր էի հանձնում 5 ցենտով, որպեսզի ուտելիք գնեի»:

APPLE-Ի ԾՆՈՒՆԴԸ

Սթիվ Ջոբսն ու Սթիվ Վոզնյակը

Սթիվի համադասարանցին՝ Բիլլ Ֆերնանդեսը, ծանոթացրեց նրան իր ընկերոջ` Սթիվ Վոզնյակի հետ, ով հետագայում պետք է դառնար Ջոբսի գործընկերը: Վոզնյակը Ջոբսից մեծ էր 5 տարով, բայց դա ամենևին չխանգարեց նրանց մտերմությանը: Տղաները նույն հետաքրքրություններն ունեին` նրանց միավորում էր անսահման սերը`տեխնիկայի հանդեպ: Ու երբ Վոզնյակը և Ֆերնանդեսը Սթիվին ներկայացրին իրենց ստեղծած հաշվիչ մեքենան, Ջոբսը հիացած մնաց: Այդ պահից երկու Սթիվներն անբաժան գաղափարակիցներ դարձան: Նրանք հասկանում էին միմյանց կես խոսքից:

Շուտով Սթիվ Ջոբսն աշխատանքի անցավ Atari, իսկ Սթիվ Վոզնյակը HP ընկերությունում: Սակայն սեփական գործ նախաձեռնելու գաղափարից տղաներն այդպես էլ չհրաժարվեցին: Վաճառելով իրենց ունեցած քիչ թե շատ արժեքավոր իրերը՝ տղաները հավաքեցին 1300$ և 1976 թվականին Ջոբսի հոր ավտոտնակում հիմնեցին իրենց ընկերությունը:

Չկար անվան այնպիսի տարբերակ, որը երկուսին էլ դուր գար: Ու նյարդայնացած Ջոբսը հայտարարեց.

-Եթե 24 ժամվա ընթացքում չգտնենք ընկերության անունը, ապա իմ սիրելի մրգի անունով էլ կանվանենք այն:

Այդպես էլ եղավ` 24 ժամ հետո էլ միասնական տարբերակը չգտնվեց, ու հաստատվեց աշխարհի ամենահայտնի ընկերություններից մեկի ամենապարզ անունը՝ Apple: Բացի A տառով սկսվող այս տարբերակը հնարավորություն էր տալիս հայտնվել հեռախոսային տեղեկագրքի առաջին էջերին:

Apple-ը հիմնելիս Ջոբսը 20 տարեկան էր, Վոզնյակը՝ 25: Հենց նույն տարում՝ ընդամենը 10 օրում, նրանք պատրաստեցին իրենց առաջին համակարգիչը՝ Apple І-ը, որն արժեր 666 դոլար 66 ցենտ:

Երկրորդ համակարգիչը՝ Apple II-ը, շատ ավելի գեղեցիկ դիզայն ուներ և համակարգչի մասերն էլ մեկ ամբողջություն էին կազմում: Ջոբսը վստահ էր, որ էլեկտրական սարքավորումները պետք է առավելագույնս հարմարեցված լինեն օգտատերերի համար, և որ նրանք նախապատվությունը կտան այն համակարգչին, որը ամբողջական է, թեկուզ և այն արժենար ավելի թանկ: Օգտատերերն այլևս ստիպված չէին լինի գնել տարբեր մասեր և հավաքել համակարգիչն ինքնուրույն: Եվ Ջոբսը չսխալվեց: Apple համակարգիչները վաճառվում էին հսկայական քանակությամբ:

Սթիվ Ջոբս

Մեծ վերելքից հետո ընկերությանը սպասում էին ձախողումների մի քանի տարիներ, սակայն Ջոբսը կարողացավ վերադառնալ շուկա՝ նոր արտադրանքով: Xerox ընկերությունում կատարած իր շրջայցի ժամանակ Ջոբսը մկնիկով աշխատող առաջին համակարգիչը տեսավ: Xerox-ի մկնիկը շատ բարդ էր օգտագործման համար, ուներ 3 կոճակ և չէր տեղաշարժվում էկրանին: Մկնիկի գաղափարից ոգևորված` Ջոբսը որոշեց, որ հարմարավետ և հեշտ օգտագործվող համակարգիչ ստեղծելու ժամանակն է: 2 կոճակով և էկրանի վրա տեղաշարժվող մկնիկը հենց Սթիվ Ջոբսի գաղափարն է:

Սթիվ Ջոբս

Որպեսզի Apple-ին լուրջ ընդունեին, Ջոբսը հսկայական ջանքեր էր գործադրում: Նրա առջև հազարավոր դռներ էին փակվում, նրան դուրս էին շպրտում տարբեր ընկերություններից ու բանկերից, ուր նա դիմում էր՝ առաջարկելով իրենց արտադարանքը կամ ընկերության բաժնետոմսերը: Բայց համառությունն ու համոզելու կարողությունն ի վերջո իրենց գործն արեցին: Ջոբսը կարողացավ ծանոթանալ ժամանակի լավագույն մասնագետների հետ և սովորեց մարքեթինգի, գովազդի ու բիզնեսի ամենակարևոր կանոնները: Ռեջիս Մաքքենայի և Մայքլ Մարկուլայի հետ Ջոբսն ու Վոզնյակը մշակեցին Apple-ի հիմնական սկզբունքները:

«Պարզությունն ամենահզոր իմաստությունն է»՝ Լեոնարդո դա Վինչիի այս միտքը դարձավ Apple-ի նշանաբանը, և ընկերությունն առաջնորդվեց հետևյալ սկզբունքներով:

  • Բոլորից արագ և մանրակրկիտ ուսումնասիրել սպառողի պահանջներն ու հետաքրքրությունները:
  • Ստեղծել քիչ տեսականիով, բայց շատ բարձր որակով արտադրանք: Երբեք չչարաշահել Apple բրենդի անունը՝ և չարտադրել տարատեսակ տեխնիկա:
  • Եվ վերջապես` լավ արտադրանքը մատուցել ճիշտ և անկրկնելի դիզայնով:

APPLE-ԻՑ ՀԵՌԱՆԱԼՆ ՈՒ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՈՒՂԻ ՍԿՍԵԼԸ

Սթիվ Ջոբս

80-ական թվականների սկզբում Սթիվ Ջոբսն արդեն ԱՄՆ-ի ամենաերիտասարդ միլիոնատերն էր: Բայց կրկին խնդիրներ սկսեցին առաջանալ Ջոբսի բարդ բնավորության պատճառով: Այդ ժամանակ արդեն բաժնետիրական ընկերություն դարձած Apple-ի տնօրենների խորհուրդը Սթիվ Ջոբսին հեռացրեց իր իսկ ստեղծած ընկերությունից:

«Այն ամենն, ինչին նվիրել էի իմ ողջ կյանքս, անհետացավ: Ես դատարկություն էի զգում և մի քանի ամիս չգիտեի, թե ինչ է պետք անել»:

Սթիվ Ջոբս

Բայց շուտով Ջոբսը հասկացավ, որ իրեն մնացել է ավելի մեծ բան, քան այն, ինչ ինքը կորցրել էր: Եվ դա սիրած գործով զբաղվելու ցանկությունն էր: Դա նրանից ոչ ոք չէր կարող խլել, քանի որ այն իր ներսում էր: Նա չէր կորցրել ոչ հավատը ինքն իր հանդեպ, ոչ իսկապես նշանակալի գործեր անելու ձգտումը:

Եվ նա ամեն ինչ սկսեց զրոյից: Նա ստեղծեց իր նոր՝ Next ընկերությունը, որը համակարգիչներ էր թողարկելու կրթական հաստատությունների համար: Ջոբսը նաև գնեց այդ ժամանակ ոչ մեծ` Pixar ընկերությունը, որը զբաղվում էր հատուկ էֆֆեկտներ մշակող համակարգիչների արտադրությամբ: Սթիվ Ջոբսի ղեկավարման օրոք Pixar-ը թողակեց այնպիսի մուտֆիլմեր, ինչպիսիք են «Խաղալիքների պատմությունը» և «Հրեշների կորպորացիան»: 2006 թվականին Pixar-ի բաժնետոմսերը 7,4 միլիարդ դոլարով գնեց Walt Disney-ը, իսկ Ջոբսն ընդգրկվեց Disney-ի տնօրենների խորհրդում`ստանալով ստուդիայի բաժնետոմսերի ամենամեծ բաժինը՝ 7%-ը:

APPLE-Ի ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ

Սթիվ Ջոբս

12 տարի անց Apple-ի նոր տնօրենը գնեց Սթիվ Ջոբսի Next ընկերությունը և համոզեց նրան վերադանալ՝ որպես Apple-ի գործադիր տնօրեն: Սկսվեց Apple-ի վերածնունդը: iPod նվագարկիչների, iPhone սմարթֆոնների և iPad պլանշետների շնորհիվ ընկերությունը կրկին կարողացավ ընդլայնել իր ազդեցության ոլորտները: 2011 թվականին Apple-ը ճանաչվեց ամենաթանկ ընկերությունն աշխարհում:

Սթիվ Ջոբսը նորից ապացուցեց, որ գիտի, թե ինչ է անում, անգամ եթե նրա որոշումները երբեմն կոպիտ ու դաժան են թվում: Նա կարող էր կատաղության պոռթկման պահի աշխատանքից ազատել աշխատակցին, բայց երեկոյան զանգահարել նրան և քննարկել աշխատանքի մանրամասները, եթե գտնում էր, որ նա իսկապես այն մարդն է, ով պետք է ընկերությանը և գլուխ է հանում իր գործից: Նա միշտ առաջնորդվում էր միայն ու միայն իր տեսակետներով և չէր սահմանափակում իրեն հասարակության կարծիքով կամ կարծրատիպերով, անգամ եթե մարդիկ նրա մտքերը զառանցանք էին համարում, և հաջողությունն էլ անմիջապես չէր այցելում նրան:

Սթիվ Ջոբս

«33 տարի շարունակ, ես ամեն օր նայում եմ հայելուն և հարցնում ինձ` «եթե այսօր իմ վերջին օրը լիներ, կուզեի՞ անել այն, ինչը պատրաստվում եմ այսօր անել»: Եվ եթե մի քանի օր անընդմեջ պատասխանը «ոչ» է լինում, ես հասկանում եմ, որ ինչ-որ բան փոխելու ժամանակն է»:

Սթիվ Ջոբս

Apple-ի տեխնոլոգիական նորույթները թողարկման պահից մինչ օրս չեն դադարում վաճառքի նորանոր ռեկորդներ սահմանել: Բայց Apple-ը Գինեսի ռեկորդների գրքում հայտնվել է նաև այլ փաստի շնորհիվ`գործադիր տնօրենի՝ աշխարհում ամենահամեստ վարձատրությամբ: Սթիվ Ջոբսի աշխատավարձը պաշտոնապես սահմանված էր տարեկան 1 դոլար:

«Ես վստահ եմ, որ այս ամենը չէր լինի, եթե ինձ Apple-ից չհեռացնեին: Դա դառնահամ դեղ էր, բայց հիվանդը դրա կարիքն ուներ: Կյանքը երբեմն հարվածում է ձեր գլխին. մի կորցրեք հավատը: Ես վստահ եմ, որ ինձ առաջ մղող ուժը սերն էր`գործի նկատմամբ:

Աշխատանքը միշտ էլ ձեր կյանքում շատ մեծ տեղ կզբաղեցնի, ուրեմն կյանքից գոհ լինելու միակ տարբերակը` սիրած գործով զվաղվելն է: Եթե դեռ չեք գտել այն, ինչ սիրում եք, շարունակեք փնտրել: Երբ գտնեք` ձեր սիրտը կհուշի, որ դա հենց այն է, ինչ պետք է ձեզ: Երբեք մի դադարեք փնտրել»:

Ջոբսի և նրա բոլոր նախագծերի հաջողության գաղտնիքը հիմնված է նրա համառության, անգերազանցելի ու յուրահատուկ ինչ-որ բան ստեղծելու մեծ ցանկության և վախի բացակայության վրա: Ջոբսը իդեալական չի եղել, նա սխալներ է գործել, անգամ կոպիտ սխալներ, բայց անկումները երբեք նրա համար խոչընդոտ չեն դարձել և ծնկի չեն բերել նրան:

Սթիվ Ջոբս

Ջոբսին համարում են թվային հեղափոխության հայր կամ visioner` մարդ, ով տեսնում է ապագան: Նա հրաշալի հռետոր էր և նորարարական տեխնոլոգիաների ցուցադրություններն այնպիսի մակարդակի բարձրացրեց, որ վերածեց դրանք գրավիչ շոուների և դարձավ չափանիշ բոլոր ձեռնարկատերերի համար:

Սթիվ Ջոբս

Հենց այդպիսի մի ելույթի ժամանակ էլ Սթենֆորդի բիզնես դպրոցում հանդիսատեսի շարքում նա տեսավ իր ապագա կնոջը՝ Լորենին: Նա հեռախոսահամար խնդրեց աղջկանից, և քանի որ գործնական հանդիպում ուներ, դուրս եկավ լսարանից: Իսկ հետո հարցրեց ինքն իրեն. «Ի՞նչ կանեի ես, եթե սա իմ կյանքի վերջին օրը լիներ»: Առանց երկար մտածելու Ջոբսը վերադառձավ լսարան և Լորենին տարավ իր հետ: Այդ օրվանից նրանք անբաժան էին:

Սթիվ Ջոբս2003 թվականի աշնանը Սթիվ Ջոբսի մոտ ենթաստամոքսային գեղձի ուռուցք հայտնաբերվեց: 2009 թվականին Ջոբսը ենթարկվեց լյարդի փոխպատվաստման: 2011 թվականի հունվարի 17-ին առողջական խնդիրների պատճառով նա հերթական արձակուրդը վերցրեց, իսկ օգոստոսին հայտարարեց լիազորությունները վայր դնելու մասին:

2011 թ. հոկտեմբերի 5-ին Թիմ Կուկն առաջին անգամ անցկացրեց Apple-ի հերթական ցուցադրությունն առանց Սթիվի: Հոկտեմբերի 6-ին՝ կյանքի 56-րդ տարում, Սթիվ Ջոբսը մահացավ: Աշխարհի մեծագույն գործարարներից մեկին այդպես էլ չհաջողվեց հաղթահարել քաղցկեղը, որը տարիներ շարունակ հյուծել էր նրա օրգանիզմը:

Սթիվ Ջոբս

Apple-ն այժմ գլխավորում է Թիմ Կուկը, իսկ ընկերության տասնյակ հազարավոր աշխատակիցները շարունակում են հավատարիմ մնալ Սթիվ Ջոբսի սկզբունքներին:

«Միշտ հիշել այն մասին, որ մի օր մահանալու եմ :Այս միտքն ինձ օգնում է բարդ որոշումներ կայացնելիս, քանի որ մնացած ամեն ինչը` այլ մարդկանց սպասումները, գոռոզությունը, վախը սխալվելու և անհաջողության հանդեպ, այս ամենը նահանջում են մահվան առջև`թողնելով միայն այն, ինչն իսկապես կարևոր է:

Ձեր ժամանակը սահմանափակ է, մի ծախսեք այն ուրիշների կյանքն ապրելու համար: Մի ընկեք կարծրատիպերի ծուղակը, մի ապրեք ուրիշի մտքերով: Մի թողեք, որ ուրիշների մտքերի աղմուկը խլացնի ձեր սեփական ներքին ձայնը: Եվ ամենակարևորը, խիզախություն ունեցեք սեփական սրտին և մտքին հետևելու համար: Նրանք գիտեն, թե դուք ինչ պիտի անեք: Մնացած ամեն ինչը երկրորդական է»:

In this article


Join the Conversation