ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԶԱՆԳ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԱԽԸ

Վախ պոտենցիալ հաճախորդին զանգահարելուց առաջ, աշխատանքի հայտարարությամբ կամ պարզապես անծանոթ մարդուն զանգահարելուց առաջ: Այսպիսի զգացողություն ունեցել ենք գրեթե բոլորս: Այդ վախը նկարագրելու համար հոգեբանները անգամ հատուկ անուն են հորինել՝ տելեֆոբիա (telephonophobia, telephobia):

6115
Վախ հեռախոսային զանգ կատարելուց

Մենք վախենում ենք զանագահարել հարազատներին կամ հարևանին ինչ-որ բան խնդրելու համար, մեզ դուր եկած մարդուն ժամադրության հրավիրելու կամ գործնական հանդիպման համար պայմանավորվելու համար:

ԻՆՉՈ՞Ւ Է ԱՅԴՊԵՍ ԼԻՆՈՒՄ

Առաջին և ամենաակնհայտ պատճառն այն է, որ մենք ավելի ու ավելի շատ ենք օգտագործում վիրտուալ շփումը: Մեզ համար ավելի հեշտ է նամակ գրել, քան վերցնել հեռախոսն ու զանգահարել այդ մարդուն: Մենք հետ ենք վարժվել ձայնային շփումից:

Երկրորդ պատճառը այն բացասական սցներաներն են, որոնք մենք հորինում ենք մեր երևակայության մեջ՝ կարծելով, որ մեզ չեն պատասխանի, չեն ցանկանա մեզ հետ խոսել, կմերժեն և այլն: Այս տարբերակը, իհարկե, բնորոշ է ավելի անհանգիստ ու մտածկոտ մարդկանց: Նրանց թվում է, թե զրուցակցի վատ տրամադրությունը անպայման պայմանավորված էր իրենց զանգով, մինչդեռ շատ հնարավոր է նա այդ պահին բարկացած էր, կամ լավ չէր քնել գիշերը և նույն կերպ կպատասխաներ նաև մեկ ուրիշի զանգին:

Երրորդ պատճառը պարզապես գործողություն կատարելու վախն է, որը բնորոշ է արդեն ամաչկոտ և անինքնավստահ մարդկանց: Եվ դրա բուժումը մեկն է՝ կատարել այդ գործողությունը: Զանգահարեք. անգամ եթե ձեզ չպատասխանեն այդ պահին, դուք կզգաք, որ վախն արդեն անհետացել է: Շատ շուտով, երբ ազատ ժամանակ գտնեն, ձեզ անպայման հետ կզանգեն:

Մեկ այլ պատճառ էլ այն է, որ մարդիկ չգիտեն, թե ինչի մասին է պետք խոսել հեռախոսով: Սա սովորաբար կապված է լինում սոցիալական հմտությունների պակասի հետ: Եվ այսպես, եկեք հասկանանք, թե ինչպես է կարելի հաղթահարել այս խնդիրը:

ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՀԵՌԱԽՈՍՈՎ ԶԱՆԳԱՀԱՐԵԼՈՒ ՎԱԽԸ

Նախևառաջ հիշեք, որ զանգահարելուց առաջ վախ զգալը բնորոշ է բոլոր մարդկանց առանց բացառության: Մենք բոլորս որոշ չափով հուզվում կամ լարվում ենք հեռախոսային զանգ կատարելուց առաջ, հատկապես անծանոթ մարդկանց դեպքում: Դա միանգամայն բնական է: Բայց որպեսզի այդ պահերը կարողանաք ավելի հեշտ հաղթահարել, առաջարկում ենք կիրառել ահա այս տարբերակները:

Եթե զանգը անձնական է, ապա զանգահարելուց առաջ մոռացեք ինքներդ ձեր մասին և ձեզ դրեք ձեր զրուցակցի տեղը: Փորձեք պատկերացնել, թե ինչպես է այդ մարդն անցկացրել իր օրը, ինչ իրադարձություններ են եղել նրա հետ աշխատավայրում, հոգնած է հիմա նա, թե ոչ: Մտածեք՝ արդյոք նրան հաճելի կլինի ձեր հետ շփումն այս պահին, և նոր միայն զանգահարեք:

Եթե ուզում եք զանգահարել աշխատանքի հայտարարությամբ, ապա նախ ձեզ համար փոքրիկ ցանկ կազմեք այն հարցերի, որոնք ուզում եք ուղղել ձեր զրուցակցին: Մտածեք նաև ձեր խոսքի մասին, քանի որ ձեզ նույնպես հնարավոր է հարցեր տան: Զանգահարելուց առաջ կարող եք կարճ զանգ կատարել ընկերներին կամ հարազատներին, որպեսզի թուլացնեք հեռախոսով խոսելու լարվածությունը:

Փորձեք յուրաքանչյուր զրույց սկսել հանգիստ ու սիրալիր ձայնով: Զրույցի սկզբում կարող եք հարցնել «ինչպե՞ս եք»: Մտածեք, թե ինչ եք հարցնելու, ինչ հաճոյախոսություններ եք անելու: Օրինակ, եթե դուք իգական սեռի ներկայացուցչի հետ եք զրուցում, կարող եք ասել, որ նա հաճելի ձայն ունի, իսկ տղամարդկանց կարող եք ասել, որ նրանց հետ զրուցելը շատ հետաքրքիր էր:

Եթե կարճ զանգ պետք է կատարեք, ձևակերպեք զանգի նպատակը, կրկնեք այն ձեր մտքում մի քանի անգամ: Դա կօգնի ձեզ ճիշտ ալիքի վրա ընկել և զանգահարելու ընթացքում նվազեցնել ձեր անհանգստության չափը:

Պարբերաբար մարզվեք: Ամեն օր զանգահարեք ինչ-որ մանր հարցերով, օրինակ՝ գրադարան, ինչ-որ կազմակերպություն, Սփյուռ, ձեր հեռախոսային օպերատորին և այլն: Դա ձեզ կօգնի հեռախոսային զրույցների հմտություններ ձեռք բերել և դրանք ձեզ համար սովորական բան կդարձնի:

Զանգերից առաջ խորը ներշնչեք, պահեք շունչը՝ հաշվելով մինչև 6-ը կամ 8-ը և դանդաղ արտաշնչեք: Կրկնեք վարժությունը մի քանի անգամ:

Զանգերի ժամանակը: Որպեսզի ձեր զրուցակիցը ձեզ չուղարկի «գրողի ծոցը», փորձեք հետևել հեռախոսային էթիկետին: Աշխատանքային օրերին կարելի է զանգահարել 8:00-ից 22:00: Հանգստյան օրերին՝ 10.00-ից հետո: Եթե ուզում եք զանգահարել մեկին, ում տանը փոքրիկ երեխաներ կան, ապա դա պետք է անել մինչև ժամը 21:00-ն: Ավելի ուշ ժամի զանգահարեք միայն շատ մոտ մարդկանց՝ ընկերներին, հարազատներին, այն էլ՝ միայն շտապ դեպքերում: Հիշեք, որ մարդկանց մեծ մասին հարմար է զրուցել ճաշի ընդմիջման ժամին:

Գրի առեք յուրաքանչյուր՝ թե անհաջող, թե հաջող զանգերի արդյունքները: Դա կօգնի ձեզ կարևոր հետևություններ անել ապագայի համար և խուսափել սխալների կրկնությունից:

Աղբյուր

In this article


Join the Conversation