ԻՆՉՈ՞Ւ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ԱՅԼԵՎՍ ՉԵՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՄԵՔԵՆԱ ՈՒ ԲՆԱԿԱՐԱՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ

Հաջողության ավանդական չափանիշը՝ տուն ու մեքենա ունենալը, այսօր այլևս արդիական չէ: Ամբողջ աշխարհում ավելի ու ավելի մեծ թվով երիտասարդներ այլևս չեն ցանկանում տուն ու մեքենա ձեռք բերել:

7478
Ինչու երիտասարդները չեն գնում մեքենա և բնակարան

Մասնագետների բազմաթիվ հետազոտությունները ցույց են տալիս, որ միլենիալները կամ Y սերունդը (այն սերունդը որը ծնվել է 80-ականներին և ավելի ուշ), այսօր խիստ հազվադեպ է տուն կամ մեքենա գնում: Նրանք առհասարակ խուսափում են գերթանկ գնումներից, չհաշված, իհարկե, վերջին iPhone-ները:

ԱՄՆ-ում մինչև 35 տարեկան երիտասարդներին անվանում են «վարձու ապրողների սերունդ»: Պատճառն այն է, որ ժամանակակից երիտասարդությանը արդեն իսկ բաժին են հասել չափազանց մեծ թվով ֆինանսական վայրիվերումներ, և նրանք պարզապես վախենում են խոշոր ու լուրջ վարկերից ու պատասխանատվությունից:

Բայց թերևս դա ամենակարևորը չէ: Բանն այն է, որ երիտասարդությունը տարբերվում է իր ծնողների սերնդից իր արժեհամակարգով: Նա վերանայում է «հաջողություն» հասկացությունը: Եթե նախկինում հաջողակ մարդը նա էր, ով ուներ լավ տուն և մեքենա, ապա այսօր ավելի մեծ հարգանքի է արժանանում նա, ով ներդնում է իր գումարը փորձի ու տպավորությունների մեջ: Դրանց թվում են ճանապարհորդները, փորձարարներն ու ստարտափերները:

Երիտասարդները գիտակցաբար հրաժարվում են անշարժ գույք և անգամ կահույք գնելու մտքից և նախընտրում են պարզապես վարձակալել դրանք, քանի որ ձգտում են ոչ թե կայունության, այլ ավելի ճկուն գրաֆիկի, ֆինանսական ու աշխարհագրական անկախության:

Նյութական բաները ավելի քիչ են մտահոգում նրանց. ինչո՞ւ մեքենա գնել, եթե գոյություն ունի տաքսին: Դա, ըստ էության, նույն ավտոմեքենան է՝ վարորդի հետ միասին: Եվ տաքսիով շրջելն էլ ավելի թանկ չէ, քան սեփական մեքենա ունենալը: Ինչո՞ւ գնել տուն գեղեցիկ տեսարանով, եթե կարելի է գտնել ու վարձակալել ցանկացած բնակարան աշխարհի ցանկացած կետում և ուզածդ պահի փոխել բնակության վայրը: Ինչո՞ւ վերցնել հիպոթեկ 20-30 տարով, եթե կարելի է համակերպվել վարձով ապրելու մտքի հետ և ազատվել ամեն տեսակի կապանքներից: Չէ՞ որ ձեր աշխատատեղը դուք ամենայն հավանականությամբ կփոխեք այդ տարիների ընթացքում և կկարողանաք աշխատավայրին ավելի մոտ գտնվող բնակարան վարձակալել: Կամ գուցե նույնիսկ հրավեր ստանաք արտասահմանում աշխատելու, և այդ դեպքում վարձակալած բնակարանը ձեզ համար արգելք չի դառնա այդ ճանապարհին: Ի դեպ, Forbes-ի ուսումնասիրության համաձայն՝ երիտասարդներն այսօր փոխում են աշխատատեղը տարվա մեջ մոտ երեք անգամ:

The Atlantic- թղթակից Ջեյմս Գեբլինը բացատրում է այս ֆենոմենը հետևյալ կերպ. «Վերջին տարիներին հոգեբանների բազմաթիվ հետազոտությունները ցույց են տվել, որ երջանկության ու բարեկեցության տեսակետից ավելի ձեռնտու է գումար ծախսել նոր փորձ և ոչ թե նոր իրեր ձեռք բերելու վրա: Նոր իրեր գնելն այլևս երջանկություն չի պարգևում»:

«Մարդիկ ուզում են լսել ոչ թե այն մասին, թե ինչ տուն եք դուք գնել, այլ այն մասին, թե ինչպես եք անցկացրել հանգստյան օրերը: Անգամ բացասական փորձը դառնում է հրաշալի պատմություն ու հիշողություն: Մարդկանց հետ շփումը, ընկերների հետ անցկացրած լավ ժամանակը հսկայական նշանակություն ունեն այն հարցում, թե որքան երջանիկ եք դուք»:

Բայց կա ևս մի կարևոր հանգամանք: Գնելով ինչ-որ իր, հատկապես թանկարժեք մի բան, մենք ստիպված ենք լինում անընդհատ անհանգստանալ դրանց վիճակի ու տեսքի մասին: Գնելով ավտոմեքենա՝ դուք անընդհատ կանհանգստանաք նրան ինչ-որ տեղ կայանելիս, բնակարանում թանկարժեք տեխնիկա ունենալով՝ կսկսեք վախենալ գողություններից:  Էլ չենք խոսում այն մասին, որ այդ իրերը վնասվելու, մաշվելու ու շարքից դուրս գալու հատկություն ունեն, մինչդեռ ձեր ձեռք բերած փորձը և վառ տպավորությունները ոչ ոք չի կարող փչացնել կամ խլել ձեզնից:

Մեր ծնողների հնարավորությունները ռիսկի գնալու, նոր տպավորություններ ստանալու և ամբողջ աշխարհը նվաճելու համար շատ ավելի սահմանափակ էին, հետևաբար նրանց համար ամենակարևորը կայունությունն ու անշարժ գույքի մեջ ներդրում անելն էր: Իսկ այսօր, երբ ամեն ինչ այնքան հանկարծակի ու արագ կարող է արժեզրկվել, սկսում ես կարևորագույն արժեք համարել փորձը, այն, ինչը ոչ կարելի է գողանալ և ոչ էլ արժեզրկել:

Աղբյուր

In this article


Join the Conversation